ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
 

Պատմության դասերը հուշում են, որ  իրավունքը և արդարադատությունը մշտապես  արմատավորված են եղել Արցախ աշխարհում: Հատկանշական է, որ պատմության քառուղիներում հանդես գալով որպես ինքնուրույն վարչաքաղաքական  միավոր, մեր երկրամասում ստեղծվեցին և իրենց կիրարկումն ունեցան իրավական մտքի այնպիսի խոշոր հուշարձաններ, ինչպիսիք են Վաչագան Բարեպաշտ թագավորի Կանոնական Սահմանադրությունը (486թ), Դավիթ Ալավկա որդու Կանոնական օրինադրությունը (1130թ.) և Մխիթար Գոշի հռչակավոր Դատաստանագիրքը (1184թ.): Այդ է վկայում նաև, որ հայոց հայրապետների գլխավորությամբ պաշտոնական եկեղեցական-ազգային ժողովներից երեքը տեղի է ունեցել Արցախի հինավուրց Պարտավ մայրաքաղաքում, որի Բ ժողովում (768թ.) ընդունված կանոնները կարգավորել են  նաև աշխարհիկ հարաբերությունները:

Մինչև ռուսական կայսրության կազմի մեջ մտնելը, Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանություններն ունեցել են իրենց դատն ու դատաստանը: Ռուսաստանի տիրապետության առաջին տարիներին  պատմական Արցախում՝ նրա լեռնային և դաշտային հատվածների ընդգրկմամբ, ցարական իշխանությունների  կողմից   ստեղծվեց   մի  ընդհանուր  ռազմաշրջանային  միավոր`  Ղարաբաղի մարզ  Շուշի կենտրոնով, որտեղ  մտցվեց  կառավարման  պարետային ձև:  Այդ  նպատակով 1822թ. դեկտեմբերին  Շուշիում  ստեղծվեց   մարզային  դատարան, որի  նախագահը մարզի  պարետն էր,  երկու անդամ ընտրվել է հարուստ խավից,  մեկական  անդամ`  հայ և մահմեդական  հասարակ բնակչությունից:

Անդրկովկասում   վարչա-դատական  բարեփոխումների  արդյունքում, 1841թ. Շուշիում ստեղծվեց  գավառային  դատարան, որը կազմված էր  դատավորից,  պետական  ապարատում աշխատող  երկու ատենակալից  և քաղաքային  հարկատու դասից  ընտրվող  ևս երկու ատենակալից: Սահմանվեց  նաև  գավառային դատախազի ինստիտուտը, որը հսկողություն էր  իրականացնում գավառային ոստիկանության  և դատարանի վարույթներում գտնվող   գործերի նկատմամբ: 1864թ.  դատական  բարեփոխումների  արդյունքում Շուշի քաղաքում ստեղծվեց  հաշտարար դատարան: Վերջինս  Աղդամ քաղաքում  ուներ մեկ հաշտարար տեղամաս: Ի դեպ, Ջաբրայիլի (1901թ. Կարյագինոյի) գավառի հաշտարար  դատարանը 1882թ.  տեղակայված էր Հադրութում: Վերոնշյալ դատարաններում դատավարությունը տարվում էր ռուսերեն  լեզվով, և դատավորներն  ու  ատենակալները  ռուս  պաշտոնյաներ  էին: Հաշտարար դատավորները  նշանակվել են  Ցարական Ռուսաստանի  արդարադատության նախարարի կողմից: Շուշիի   հաշտարար  դատարանը գործեց մինչև   1918 թվականը:

Լեռնային Ղարաբաղում արդարադատության անկախ համակարգի ստեղծմանն ուղղությամբ  անդրանիկ փորձը  ձեռնարկվել է տակավին 1918-1920թթ., երբ արցախահայությունը, կտրականապես մերժելով նորանկախ, արհեստածին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը միանալու պահանջը, համառորեն պաշտպանվում էր ադրբեջանական ու թուրքական զորքերի հարձակումներից։

Ռուսաստանում հոկտեմբերյան   հեղաշրջումից հետո Շուշի քաղաքում  ստեղծված Ղարաբաղի ժամանակավոր տեղական իշխանությունը` Միջկուսակցական բյուրոն, 1918 թ.  ապրիլ ամսին  վերանվանվեց Կոմիսարների խորհուրդ, որի անդամներից մեկն էլ արդարադատության  կոմիսար Ա.Մելիք-Հովսեփյանն էր: Կոմիսարների խորհրդի կողմից  1918թ.   հուլիսի 18-ին  Շուշիում  հրավիրված Ղարաբաղի  հայության  առաջին համագումարն  ընտրեց Ղարաբաղի  ժողովրդական  կառավարություն:  Կառավարության կազմում Արդարադատության գործերի կառավարիչ նշանակվեց երդվյալ հավատարմատար Նիկոլայ Իսախանյանը, ում  հանձնարարվեց զբաղվել Ղարաբաղում արդարադատության կազմակերպմամբ։ Արդարադատության  կառավարչի նախագահությամբ սկսեց գործել արդարադատության հանձնաժողովը:

Նույն թվականի օգոստոսի 2-ի նիստում կառավարությունը հիմնեց 4  հաշտարար դատարաններ. Ջրաբերդ-Գյուլիստանում` Մեծ շեն  գյուղ, Խաչենում`  Խանքենդի ավան, Վարանդայում`  Թաղավարդ գյուղ, Դիզակում`  Հադրութ  ավան նստավայրերով: Իբրև  վերադաս («վճռաջինջ») ատյան, Շուշիում  հիմնվեց  շրջանային  դատարան, իսկ նրան կից` հատուկ  գործերի քննիչ հանձնաժողով:  Կազմվեց  նաև զինվորական   հեղափոխական  տրիբունալ: <<Այսուհետև,- հայտարարվում էր արդարադատության կառավարչի  շրջաբերականում,- ոչ մի գործ չպետք է վճռվի ինքնադատաստանով և բռնությամբ: Բոլոր արդարացի պահանջները պաշտպանություն կգտնեն հաշտարար դատարաններում… և թող ոչ ոք չհանդգնի ինքնագլուխ  վճռելու իր վեճը կամ  վերականգնելու  իր կորցրած իրավունքը>>: Սակայն  Ղարաբաղի ժողովրդական  կառավարությանը 1918-1920 թթ.  չհաջողվեց երկրամասում կայուն վարչաձև, դատական համակարգ ստեղծել, քանի որ 1918թ.  հոկտեմբերի  սկզբին  Շուշի քաղաք մտան  Օսմանյան Թուրքիայի զորքերը և լուծարեցին  գոյություն  ունեցող  պետական  մարմինները:

Դատական  մարմիններ ստեղծելու  ևս  մի փորձ կատարվեց  1920թ. ապրիլի կեսերին, երբ Վարանդայի  Թաղավարդ  գյուղում զորավար Դրոյի մասնակցությամբ  ստեղծվեց Ղարաբաղի ժամանակավոր կառավարություն և  նախատեսվեց երկրամասում  ստեղծել  6 հաշտարար դատարաններ,  սակայն քաղաքական  իրավիճակը կտրուկ փոփոխվելու հետևանքով որոշումը չիրագործվեց, քանի որ այդ օրերին  ռուսական 11-րդ  Կարմիր բանակը մտել էր Ադրբեջան,  իսկ մայիսի սկզբներին` Ղարաբաղ, երկրամասում հաստատելով խորհրդային իշխանություն։ 

ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ.  հուլիսի 5-ի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից  հակաօրինական, հետևապես՝   նորմատիվ ակտի ուժ չունեցող   որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց  Ադրբեջանին՝  նրան տրամադրելով մարզային  ինքնավարություն:

Իսկ  1923թ. հուլիսի 7-ին  Խորհրդային Ղարաբաղի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ։ 1923թ. հկտեմբերի 6-ին հրավիրվեց ԼՂ ինքնավար մարզի խորհուրդների առաջին համագումարը,  որն ընտրեց մարզի  կառավարման մարմին՝ մարզային խորհուրդ և 25 անդամից բաղկացած գործադիր կոմիտե։ Իսկ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած գործկոմի պլենար նիստն ընտրեց նախագահություն՝ բաղկացած 7 անդամից։  Սարզային խորհուրդն օժտված էր իրավապահ մարմինների կազմավորման, նրանց գործունեության հսկողության, դատապարտվածներին ներում շնորհելու  և այլ լիազորություններով։

1923թ. սեպտեմբերի 27-ին ինքնավար մարզի հեղկոմի որոշմամբ լուծարվեց Շուշի քաղաքում դիվանատուն ունեցող միակ դատարանը։ Մարզխորհրդին առընթեր ստեղծվեց արդարադատության բաժին, որի վարիչ նշանակվեց  Իսահակ Բաղդասարովը, ում հանձնարարվեց զբաղվել մարզի դատարանների կազմակեպմամբ  (Ադր. Ժողկոմխորհի  հր.  թիվ  1,  § 1,  առ  12.11.1923 թ. ):

1924 թ.  մայիսի  1-ին ԼՂԻՄ  մարզխորհրդի կենտգործկոմի  նախագահության  որոշմամբ արդարադատության  բաժնի  վարիչ է  նշանակվում  Յե. Աթայանը  (ԼՂԻՄ արդժողկոմիսարիատի  հր.  թիվ 21, § 2,  առ  01.05.1924 թ.)։

Ինքնավար մարզում խորհրդային տիպի շրջանային դատարանների  կազմավորումը  սկսվել է 1923թ.  օգոստոսի 15-ին, մարզի երեք շրջաններում` Խաչեն-Վարանդայում (Խաչեն-Վարանդայի ժողդատարանն ընդգրկում էր երեք շրջան, ուստի  1924թ. Խաչենը և Շուշին առանձնացվեցին), Ջրաբերդում ու Դիզակում և ավարտվել նույն թվականի դեկտեմբերին:  Մարզային դատարանը  ստեղծվել է  ինքնավար մարզի  կենտրոնական գործադիր  կոմիտեի (կենտգործկոմ) 1924թ.  հունվարի 20-ի որոշմամբ, որի համաձայն` այն կազմված էր  նախագահությունից  և քրեական ու քաղաքացիական  գործերով միացյալ  կոլեգիայից: Մարզի կենտգործկոմի  որոշմամբ նորաստեղծ մարզային  դատարանի նախագահ  նշանակվեց  Իսահակ Բաղդասարովը, որը մինչ այդ  զբաղեցնում էր Խաչեն-Վարանդա շրջանների ժողդատավորի, մարզի կենտգործկոմի արդարադատության բաժնի վարիչի և  կենտգործկոմի արդարադատության ժողովրդական  կոմիսարի պաշտոնները:

Ելնելով այն հանգամանքից, որ ԱդրԽՍՀ օրենսգրքերը սկսեցին հրատարակվել 1927 թվականից,  մինչ այդ մարզի դատարանները ղեկավարվում էին ՌԽՖՍՀ օրենսգրքերով, իսկ դատավարությունը, գործավարությունը տարվում էին հայերեն և ռուսերեն լեզուներով։ Հատկանշական է, որ ԼՂ մարզխորհրդին առընթեր Արդարադատության բաժնի վարիչ Ի. Բաղդասարովի հատուկ գրությամբ մարզի իրավապահ մարմիններում արգելվել էր հայերենից, ռուսերենից բացի այլ լեզվով դիմում-գանգատներ ընդունել, ինչը բողոքների տեղիք տվեց։ Երևի նաև այդ էր պատճառը, որ Ի. Բաղդասարովը 1925 թվականից հեռացվեց արդարադատության ասպարեզից։

1924թ. սկզբներին կազմավորվեց ԼՂԻՄ կառավարությունը՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ բաղկացած 7 ժողովրդական կոմիսարիատներից, այդ թվում՝ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատից։ Արդարադատության  ժողկոմ նշանակվեց Իսահակ Բաղդասարյանը՝միաժամանակ մնալով մարզային դատախազ։ Իսկ արդարադատության ժողկոմի տեղակալ Սիմոն Աֆյանը միաժամանակ մարզային դատախազի օգնականն էր։

Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը բաղկացած էր վարչական և դատախազական բաժիններից։ Կոմիսարիատի առջև դրված էին հետևյալ խնդիրները.

-մարզի տարածքում գործող բոլոր դատական հիմնարկների, քննչական մարմինների, նոտարիատի, դատական կատարածուների կազմակերպումը, ընդհանուր հսկողությունը.

-մարզում օրինականության հսկողությունը.

-հողային հանձնաժողովների, անչափահասների նկատմամբ հանձնաժողովների, միջնորդ դատարանի և դատական գործառույթներով օժտված համանման հիմնարկների գործունեության հսկողությունը.

- փաստաբանների գործունեության հսկողությունը.

-կենտգործկոմից, ժողկոմատներից ելնող և օրենսդրական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի նախգծերին ծանոթանալը, դրանք գործող օրենսդրությանը համապատասխանեցնելը,սդրական նշանակության ծրագրերի մշակումը.

-կենտրոնական և տեղական հիմնարկությունների միջևծագած իրավական նշանակության հարցերով եզրակացություն տալը.

-Ժողկոմխորհի իրավասությանը վերաբերող օրենսդրական նշանակության ծրագրերի մշակումը.

-ազատազրկման կամ հարկադիր աշխատանքի դատապարտված անձանց պատժի կրման համար համակարգի մշակումը և այդ հիմնարկության գործունեության հսկողությունը.

-դատարանների աշխատակիցների համար կարճատև դասընթացների կազմամկերպումը կամ մարզից դուրս դասընթացների ուղարկումը.

-արդարադատության բոլոր հիմնարկությունների ֆինանսա-տնտեսական գործունեության կառավարումն ու նրանց հաշվետվություների հսկողությունները.

-տնտեսական կառույցների, հասարակական կազմակերպությունների, անհատ ձեռներեցների գործունեության օրինականության հսկողությունը.

-հետաքննության, նախաքննության մարմինների գործունեության հսկողությունը.

-դատախազական հսկողությունը, ուղղիչ տան, քննչական մարմինների աշխատանքի հսկողությունը։

Կարևոր նշանակության հարցերը քննարկվում էին կոլեգիայի նիստում,  որի կազմի մեջ մտնում էին արդժողկոմը (նախագահ), նրա տեղակալը, աշխատանքի ժողկոմը, հետագայում նաև մարզային դատարանի նախագահը։

Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի դատախազության և վարչական բաժինների վարիչներն իրենց բաժիններին վերաբերող հարցերով կոլեգիայի նիստին կարող էին մասնակցել խորհրդակցական ձայնով։

Արդժողկոմատին վերաբերող բոլոր հարցերով ժողկոմն իրավունք ուներ միաձայն որոշում կայացնել, այդ մասին իրազեկ դարձնելով կոլեգիայի անդամներին։ Որոշմանը չհամաձայնող կոլեգիայի անդամն իրավունք ուներ այն գանգատարկելու մարզժողկոմխորհին՝ առանց կասեցնելու այդ որոշման կատարումը։

1925թ. ԼՂԻՄ արդարադատության ժողկոմ, միաժամանակ՝ մարզային դատախազ նշանակվեց Վազգեն Մելքումյանը։

1924թ. տվյալներով ԼՂԻՄ արդարադատության ժողկոմատի հաստիքացուցակը բաղկացած էր 47 աշխատողից, որոնցից 9-ը՝ արդարադատության ժողկոմատի աշխատակազմի, 16-ը՝ մարզային դատարանի, 2-ը՝ նոտարական բաժնի և 20-ը՝  շրջժողդատարանների համար։

ԼՂԻՄ արդարադատության ժողովրդական կոմիսարիատը գոյատևեց մինչև 1930թ.։

Մարզային դատարանը կազմված էր նախագահությունից  և քրեական ու  քաղաքացիական  գործերով միացյալ  կոլեգիայից: Որպես վճռաբեկ ատյան, մարզային դատարանը քննում էր բեկման բողոք-գանգատներով շրջժողդատարաններից ստացված քրեական, քաղաքացիական գործեր, որպես առաջին ատյան՝ կարևորագույն նշանակության քրեական գործեր։ 

Չնայած մարզային ժողդատարանը վճռաբեկ ատյան էր, նա իրավունք չուներ բեկման բողոքներով գործեր լսելուց փոփոխության ենթարկել այս կամ այն վճիռը, դատավճիռը, եթե նույնիսկ ստորադաս դատարանը թույլ է տվել ակնհայտ ավելորդ խստություն։ Դատական կոլեգիան մտուգում էր գործով ձեռք բերված նյութերը, ապացույցները, դրանց հիմնավոր և օրինական լինելը ու կայացնում այս կամ այն որոշումը։Եթե կոլեգիան անհրաժեշտ էր գտնում պատիժը կամ տույժը մեղմացնել, ապա այդ մասին նա պիտի միջնորդեր մարզխորհրդի   ՚կենտգործկոմի նախագահությանը՝ նշելով մեղմացուցիչ հանգամանքները, որոնք հաշվի չի առել դատավճիռ կայացնող  դատարանը։

Այսպիսով, մարզխորհրի կենտգործկոմի նախագահությունը փաստորեն կատարում էր մարզի դատական համակարգի երրորդ ատյանի գործառույթ։ Ահա թե ինչու արդժողկոմի գործուղման, երկարատև բացակայության ժամանակ նրա տեղը ժամանակավորապես նշանակվում էր կենտգործկոմի գործերի կառավարիչը։

Մարզժողկոմխորհի  1925թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ԼՂ  ինքնավար մարզում  1925 թ.  հոկտեմբերին ստեղծվել է  Գլխավոր դատարան, որի նախագահ  նշանակվեց մարզային դատարանի նախագահ Հայկ Բաղդասարյանը, անդամներ՝  Ա. Խաչատրյանը  և  Վ. Գրիգորյանը։ 

Գլխավոր դատարանն օժտված էր մարզի բոլոր դատարանների, այդ թվում՝ մարզային դատարանի նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություններով, ղեկավարում էր մարզի դատարանների դատական քաղաքականությունն ու պրակտիկան։ Գլխավոր դատարանը բաղկացած էր առաջին և երկրորդ դատարանի կոլեգիաններից։ Առաջինում քննարկվում էին հանրորեն առավել կարևոր քրեական գործերը՝ մեկ դատավորի և երկու ատենակալի մասնակցությամբ, իսկ երկրորդում՝ մարզադատարանի կոլեգիայի քննարկած գործերով որոշումների դեմ բերված բողոք-գանգատներով քրեական, քաղաքացիական գործեր՝ կոլեգիայի նախագահի  և երկու  ադամի մասնակցությամբ։ Բացի այդ,  Գլխավոր դատարանն իր գործունեությունն իրականացնում էր նաև պլենար նիստով և նախագահությամբ։ Գլխավոր դատարանն իրավունք ուներ ընդհանուր հսկողության կարգով ստուգել մարզային դատարանի գործունեությունը և արդյունքները քննարկել նախագահությունում։

Հաշվի առնելով մարզի դատական համակարգի բյուջետային միջոցների սղությունը և նյութական սակավ ապահովությունը,  առկա միջոցները և ուժերը տնտեսելու համար շրջդատարանի տեխնիկական և վարչական աշխատակազմը միացվել էր Գլխավոր դատարանին,  ինչպես նաև թույլատրվում էր Գլխավոր դատարանի  և մարզաին դատարանի նախագահի պաշտոնների համատեղումը միևնույն անձի կողմից՝ մինչև Գլխավոր դատարանի կանոնադրության վերջնական հաստատումը։ Գլխավոր դատարանի կանոնադրության մշակումն ու դատարանակազմության մասին հարցերի քննարկումը սկսվել էին մեկ տարի անց՝ 1926թ. հոկտեմբերից։ Արդյունքում վերադաս դատարանների գործառույթների անորոշություն էր սկեղծվել, իսկ մարզային դատարանը փաստորեն  դարձել էր Գլխավոր դատարանին ենթակա բաժին՝ առանց  վարչական իրավունքների։

Հետագայում ընդունված կանոնադրությամբ  Գլխավոր դատարանն ուներ պլենում, նախագահություն, դատարանին կից դատախազի օգնական, որը պարտավոր էր մասնակցել դատարանի նախագահության նիստերին խորհրդակցական ձայնով։ Նախագահության անդամների, դատախազի օգնականի նկատմամբ կարգապահական գործերն ընդդատյա էին հանրապետության Գերագույն դատարանի կարգապահական կոլեգիային։ Գլխավոր դատարանի պլենումը կազմված էր Գլխավոր դատարանի անդամներից՝ մարզդատախազի կամ նրա ավագ օգնականի պարտադիր մասնակցությամբ, և օժտված էր մարզի տարածքում ժողդատավորների, ժողքննիչների տեղափոխման, նրանց գործունեության ստուգման և արդյունքների քննարկման և այլ իրավունքներով։

Մարզի  Գլխավոր դատարանը, գործելով մինչև 1927թ.   սեպտեմբեր, լուծարվել և  իր տեղը զիջել է  Կարևոր գործերով  դատարանին որը գործում էր մեկ նախագահի և մեկ քարտուղարի կազմով: 

Կարևոր գործերով դատարանի նախագահ նշանակվեց Կարապետ Շահնազարովը, որին փոխարինեց Կոնստանտին Դանիելյանը։ 

Կարևոր գործերով դատարանի հետ մեկտեղ ստեղծվել էր Կենտրոնական դիտորդական տնօրինական հանձնաժողով, որը հիմնականում զբաղվում էր դատապարտվածներին՝ հանձինս կալանքում գտնվողներին վաղակետ ազատելու կամ պատիժը կրելու ռեժիմը մեղմացնելու միջնորդությունների ուսումնասիրությամբ ու քննությամբ։

1930թ. մարտի 11-ին մարզի կարևոր գործերի դատարանը լուծարվեց և փոխարինվեց ԱդրԽՍՀ Գերագույն դատարանի լիազորով։

Գլխավոր դատարանը լուծարվելուց հետո  մարզային դատարանը հանդես էր գալիս   ԱդրԽՍՀ  Գերագույն դատարանի բաժանմունքի կարգավիճակով և բաղկացած էր նախագահից , դատարանի 3 անդամից՝ առաջին ու վճռաբեկ ատյանների լիազորություններով։ Դատարանն ուներ քրեական, քաղաքացիական գործերով վճռաբեկ բաժիններ։ ԱդրԽՍՀ Գերագույն դատարանի ինքնավար մարզի բաժանմունքի նախագահ էր նշանակվել Տիգրան Շաքարյանը։

1936 թ. լուծարվեց մարզի արդարադատության ժողկոմիսարիատը, որի դատախազական բաժինն անցավ մարզային դատախազությանը, իսկ դատական, նոտարական բաժնի վարչությունը՝ ինքնավար մարզի բաժանմունքի իրավասությանը։

ԽՍՀՄ  1936թ.  Սահմանադրության ընդունումից հետո  ԱդրԽՍՀ Գերագույն  դատարանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դատարանի բաժանմունքը  վերանվանվեց  ԼՂԻՄ մարզային  դատարան, որն իր առաջին  և վճռաբեկ  ատյաններով  անփոփոխ գործեց  մինչև 1992թ.:

Մարզի դատական համակարգի բարձրագույն մարմինը դարձավ մարզային դատարանի պլենումը, որի իրավասության մեջ էին մտնում մարզդատարանի առաջին ատյանում  կամ վճռաբեկ ատյանի կոլեգիայում քննարկված քաղաքացիական, քրեական գործերով կայացված դատավճիռների, որոշումների դեմ բերված բողոքներով գործերի քննումը։ 

Մինչև 1958թ. ներառյալ շրջանային ժողդատավորների ժողովրդական դատավորներն ընտրվում էին 3 տարի ժամկետով։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը 1958թ. դեկտեմբերի 25-ին հաստատեց ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության մասին օրենսդրության հիմունքները, ըստ որոնց շրջանային (քաղաքային) ժողդատավորներն ընտրվում են տվյալ տարածքի քաղաքացիների կողմից փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, իսկ ժողովրդական ատենակալները՝ ըստ աշխատանքի կամ բնակության վայրի ընդհանուր ժողովներում, զինծառայողները՝ զորամասերում, 2 տարի ժամկետով։ 

1971թ.  ստեղծվել  է  ԼՂԻՄ մարզխորհրդի    գործկոմի  արդարադատության  բաժինը, որի պետի պաշտոնը զբաղեցրել են՝

Ապրես Մեսրոպի Թովմասյանը (1971-1972թթ.)

Ալեքսանդր Նիկոլայի Հարությունյանը  (1973 -1976թթ.),

Ռաիսա Անդրեյի Իգոշկինան  (1976- 1992թթ.)։

1979թ. հունվարին Ստեփանակերտի շրջանը վերանվանվեց Ասկերանի շրջան, կենտրոնը՝ Ասկերան ավան։ Նորաստեղծ շրջխորհրդի գործկոմի նույն թվականի հունիսի 28-ի որոշմամբ ստեղծվեց Ասկերանի շրջանային դատարան։

Ստեփանակերտ քաղաքը մնաց որպես մարզկենտրոն, իսկ դատարանը վերանվանվեց Ստեփանակերտի քաղաքային դատարան՝ 2 դատավորով։

Այսպիսով, մարզում ստեղծվեցին 5 շրջանային և  1 քաղաքային դատարաններ՝ յոթ դատավորով։  

1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ բոլոր կարգի պատգամավորների մասնակցությամբ։ Առաջնորդվելով ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի, հունիսի 21-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների ընդունած որոշումներով, հաշվի առնելով Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի օգոստոսի 30-ի հռչակագիրը ՙ1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին, հիմք ընդունելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթը, նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

1991թ. դեկտեմբերի 10-ին՝ ԽՍՀՄ պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ,  անց է կացվել  ԼՂՀ Անկախության հանրաքվեն, որն իրականացվեց   «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգ»-ին համապատասխան։

Հանրաքվեին, որն  անց է կացվել ԼՂՀ տարածքում կազմված 81 ընտրատարածքում, մասնակցել է ձայնի իրավունք ունեցող և ընտրական ցուցակում ընդգրկված 132328 քաղաքացիներից 108736-ը (82.2%), այդ թվում նաև Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, այդպիսով իսկ իրական առումով ամրագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ այդ ենթաշրջանի մտնելը։ Քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ էին։

Ի կատարումն 1991թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեում ժողովրդի կամքի արտահայտության, 1991 թվականի դեկտեմբերի 28-ին անց են կացվել ԼՂՀ  պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրությունները։

Արցախի  նորընտիր  խորհրդարանի` 1992թ. հունվարի 6-ի  անդրանիկ նստաշրջանն ընդունեց սահմանադրական օրենք «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության  հիմունքների մասին»: Նորընտիր խորհրդարանի  որոշմամբ Լեռնային Ղարաբաղի մարզային դատարանը  վերանվանվեց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Գերագույն դատարան: Այսպիսով,  ԼՂՀ Գերագույն դատարանը, փաստորեն, հանդիսացավ մարզային դատարանի իրավահաջորդը, ժառանգություն ստանալով մի համակարգ, որն իր մեջ կրում էր խորհրդային արդարադատության  ողջ կնիքը`  դրական և բացասական կողմերով:

ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահներ են աշխատել.

Նիկոլայ Մինասի Դադայանը (1992-2002թթ.),

Վլադիմիր Խորենի Հովսեփյանը  (2002-2007թթ.),

 Արարատ Աշոտի Դանիելյանը (2007-2010թթ.),

Արամայիս Գալուստի Սահակյանը (2010-2012թթ.),

Նարինե Կառլենի Նարիմանյանը (2012թ. ապրիլի 25-ից)։

Երիտասարդ հանրապետության կառավարման մարմինների ձևավորման գործընթացում նախկին ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի արդարադատության բաժինը 1992թ.  մայիսին   վերակազմավորվեց ԼՂՀ արդարադատության վարչության, իսկ 1994 թվականից՝ պետական վարչության, ինչի կապակցությամբ հետագայում շրջդատարանների դատակատարածուների հաստիքը կրճատվեց, իսկ արդարադատության պետվարչությունում ստեղծվեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որի մեջ կենտրոնացվեցին հանրապետության բոլոր դատակատարածուները՝ գտնվելով այդ ծառայության պետի տեղակալի հսկողության տակ։

Արդարադատության պետական  վարչության  հիմնական  խնդիրներն  են  եղել  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  օրենսդրության  ստեղծմանն  ու  կատարելագործմանն  օժանդակելը՝ Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  օրենսդրության  համակարգում, դրա  կանոնակարգումը  և  դրա  կանոնակարգման  վերաբերյալ  առաջարկությունների  մշակումը:  ԼՂՀ  արդարադատության  պետական  վարչության  և  նրա  համակարգում  ընդգրկված  մյուս  ստորաբաժանումների  կողմից  որոշակի  աշխատանք  է  կատարվել  արդարադատության իրականացման  ուղղությամբ:Էական  բարեփոխման  և  օպտիմալացմանէ  ենթարկվել  համակարգի  ինչպես  գործունեությունը,  այնպես  էլ  կառուցվածքը,  ստեղծվել   են  նոր  ստորաբաժանումներ,  մշակվել  և ԱԺ-ի  քննարկմանն  ու  հաստատմանն  են  ներկայացվել  վերջիններիս  գործունեությունը  կանոնակարգող  օրենսդրական  և  այլ  իրավական  ակտեր:

ԼՂՀ արդարադատության պետվարչությունը ղեկավարել են՝

Ռաիսա Անդրեյի Իգոշկինան  (1992- 1994թթ.),

Յուրի Էդուարդի Հայրապետյանը  (1994 – 1997թթ.),

Ռոբերտ Քրիստափորի Հայրապետյանը  (1997-2004 թթ.)։

Անկախության տարիներին նոր դատական իշխանության ձևավորումը  շատ դժվար ընթացք է ունեցել։ Նույնիսկ պատերազմի տարիներին  դատարանաշինությունը և պատժիչ քաղաքականությունն համարվել է պետական շինարարության  հիմնահարցերից մեկը։ Այդ տարիներին  ընդունվեցին ժամանակի պահանջներին համահունչ օրենքներ և այլ նորմատիվ  իրավական ակտեր,  որոնցով կարգավորվում էր նաև  դատարանների աշխատանքը:  Հանրապետության տարածքում մտցվեց ռազմական  դրություն, ստեղծվեցին ռազմական տրիբունալ, ռազմադաշտային  դատարաններ, սահմանվեցին  ԼՂՀ  Գերագույն դատարանի կառուցվածքը և կազմը, համակարգվեց դատարանների և իրավապահ մարմինների աշխատանքը։

1994թ. մայիսյան զինադադարից հետո առաջնային պլան մղվեցին նաև պետական շինարարության հարցերը, որոնք ընդգրկում էին  պետական իշխանության բոլոր թևերը և տեղական ինքնակառավարման ոլորտը: Ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք կանոնակարգում են երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական և հոգևոր-մշակութային բնագավառներում ծագած հարաբերությունները1:  Խորհրդարանի կողմից 1994թ. դեկտեմբերի 22-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» օրենքն ընդունելուց և երկու տարի ժամկետով երկրի նախագահ ընտրելուց հետո որոշակիորեն հստակվեցին օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև եղած լիազորությունները: Համաձայն հանրապետության Նախագահի մասին օրենքի` Նախագահը հանդիսանում է հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձը, գլխավորում գործադիր իշխանությունը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության բնականոն գործունեությունը: Հանրապետության Նախագահն Ազգային ժողովին թեկնածուներ է ներկայացնում ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի, նրա տեղակալների, Գերագույն դատարանի անդամների, գլխավոր պետական արբիտրի պաշտոններում ընտրվելու համար, նշանակում և ազատում է ԼՂՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին: Հանրապետության Նախագահի՝ ԼՂՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող հրամանագրերն ու կարգադրությունները կարող են բեկանվել Ազգային ժողովի կողմից` Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

Հետպատերազմյան տարիներին վերացվեցին ռազմական ժամանակին վերաբերող մի շարք նորմատիվ ակտեր, մյուս կողմից՝ ԼՂՀ դատարանների և իրավապահ մարմինների գործունեությունը կարգավորվեց նոր ընդունված օրեքներով:

Մինչև համապատասխան օրեսդրական բազայի ստեղծումը՝ 1995թ. ապրիլի 1-ից կասեցվեց ԼՂՀ պետական արբիտրաժի գործունեությունը     : Վերջինիս ենթակա տնտեսական վեճերի քննությունը հանձնվեց ԼՂՀ գերագույն դատարանի ընդդատությանը:

ԼՂՀ  խորհրդարանը 1996թ.  մայիսի  6-ին  ընդունեց   օրենք «Դատական իշխանության մասին», որի համաձայն`  հանրապետությունում սահմանվեց  երկաստիճան  դատական համակարգ`  ԼՂՀ գերագույն դատարան և շրջանային (քաղաքային) դատարաններ ու նրանց հավասարեցված  զինվորական դատարան: Գերագույն դատարանը կազմված էր  երեք ատյանից`  դատավորների ընդհանուր ժողով (պլենում), դատական պալատ (նախագահություն) և դատական կոլեգիա:

Գերագույն դատարանը կազմված էր երեք ատյաններից` դատավորների ընդհանուր ժողով (պլենում), դատական պալատ (նախագահություն) և դատական կոլեգիա:

1999-2000թթ. ԼՂՀ-ում ընդունվեց դատաիրավական  բարեփոխումներն  ապահովող օրենսդրական ակտերի  մի ամբողջ փաթեթ`  դատարանակազմության, դատավորի կարգավիճակի, դատական մագիստրատուրայի խորհրդի մասին և այլն: Արցախում 2002թ. փետրվարի 15-ից սկսեց գործել նոր դատական համակարգ: Այն կազված էր ԼՂՀ առաջին  ատյանի  դատարանից  և ԼՂՀ գերագույն դատարանից: Վերջինս արդարադատություն էր իրականացնում  վերաքննության կարգով`  մեկ դատավորի կազմով և վճռաբեկության կարգով` կոլեգիալ, ոչ պակաս, քան երեք դատավորի կազմով: Գերագույն  դատարանը նաև սահմանադրական  դատարանի  լիազորություններ իրականացնող  ատյան էր  և այդ  դեպքում գործերը  քննում էր կոլեգիալ, բայց ոչ պակաս, քան հինգ  դատավորի կազմով: Ինչպես նկատելի է, Արցախում 2002-2008թթ. գործում էր երկաստիճան դատական համակարգ, որտեղ  վերաքննիչ և վճռաբեկ  դատարանների  լիազորություններն իրականացվում  էր  մեկ «տանիքի»` Գերագույն դատարանի ներքո:

2006թ.  դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված  ԼՂՀ Սահմանադրության  համաձայն`  Արցախի  դատական  համակարգը բաղկացած է  ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանից, վերաքննիչ  դատարանից և գերագույն  դատարանից, ինչպես նաև  օրենքով նախատեսված  մասնագիտացված  դատարաններից: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Սահմանադրությունից  բխող  եռաստիճան նոր դատական համակարգի  ձևավորումը սկսվեց  ԼՂՀ վերաքննիչ  դատարանի  ստեղծմամբ: Այն սկսեց գործել  2008թ. հուլիսի 1-ից,  դադարեցվեց Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանի գործունեությունը, ԼՂՀ առաջին ատյանի դատարանը վերանվանվեց ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ստեղծվեց  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ»  պետական կառավարչական հիմնարկը, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին և  արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական  իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:

Ներկայումս ԼՂՀ-ում գործում է  ընդհանուր իրավասության առաջին ատյանի մեկ դատարան`  դատարանի նախագահի և տասնմեկ  դատավորի կազմով, որի կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում: Դատարանը նստավայրեր ունի նաև  շրջկենտրոններում: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն օժտված է նույն  իրավասությամբ  և գործառույթներով, ինչ որ Հայաստանի  Հանրապետության  ընդհանուր իրավասության և մասնագիտացված  դատարանները: Միակ տարբերությունն այն է,  որ, ԼՂՀ-ում վարչական դատարան չստեղծվելու  պատճառով, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ընդդատյա են նաև  վարչական գործերը:

ԼՂՀ-ում գործում է  մեկ վերաքննիչ դատարան`  նախագահի և  6 դատավորի կազմով, որտեղ առաջին ատյանի դատարանի քաղաքացիական, քրեական և վարչական գործերով  դատական ակտերի  դեմ ներկայացված  բողոքները քննվում են  կոլեգիալ`  3 դատավորի կազմով: ԼՂՀ վերաքննիչ դատարանի  նստավայրը գտնվում է  Ստեփանակերտ քաղաքում: ԼՂՀ բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է, որը, համաձայն երկրի Հիմնական օրենքի, ապահովում է  Սահմանադրության  գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը: Գերագույն դատարանի վրա  նաև խնդիր է դրված`  նպաստելու իրավունքի  զարգացմանը:  Գերագույն դատարանը բաղկացած է  սահմանադրական և վճռաբեկ պալատներից:  Գերագույն դատարանի  սահմանադրական ատյանը գործում է 2009թ.  հունիսի 28-ից:

ԼՂՀ դատական իշխանության  բարձրագույն ինքնակառավարման մարմինը  հանրապետության դատավորների ընդհանուր ժողովն է, որի 2009թ. մարտի 13-ին   հրավիրված անդրանիկ նիստը,  հաստատելով  իր Կանոնադրությունը, հինգ տարի ժամկետով  ընտրեց արդարադատության  խորհրդի հինգ  դատավոր անդամների: ԼՂՀ դատական  իշխանության  ինքնակառավարման մյուս մարմինը` Դատարանների նախագահների խորհուրդն է, որը սկսեց գործել 2009թ. մարտի 20-ից`  իր կողմից հաստատված  Կանոնակարգի համաձայն:

Արդարադատության իրականացման գործում ուրույն գործառույթներով  են օժտված դատախազության մարմինները: Խորհրդային միության տարիներին ԼՂԻՄ  դատախազը նշանակվել է ԽՍՀՄ Գլխավոր դատախազի կողմից` հինգ տարի ժամկետով: ԼՂՀ Գերագույն խորհրդի 1992թ. հունվարի 6-ի որոշմամբ մարզային դատախազությունը վերանվանվեց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  դատախազություն: Վերջինիս վերաբերյալ առաջին փաստաթուղթը` <<ԼՂՀ դատախազության մասին>> Կանոնադրությունը, ընդունվել է 1993թ.  նոյեմբերի 3-ին: Պատերազմի  տարիներին ԼՂՀ դատախազության համակարգում գործել է ԼՂՀ  զինվորական դատախազությունը: Ներկայումս ԼՂՀ Գլխավոր դատախազության լիազորությունները և գործառույթները սահմանված են ԼՂՀ Սահմանադրությամբ:

ԼՂՀ անկախության հռչակումից հետո ԼՂՀ Գլխավոր դատախազներ են աշխատել.

Յուրի Հրաչիկի Սահակյանը /1992-1993թթ./

Վլադիմիր Գրիգորիի Գասպարյանը /1994-1995թթ./

Մավրիկ Արարատի Ղուկասյանը /1995-2006թթ./

Արմեն Միքայելի Զալինյանը /2006-2007թթ./

Արշավիր  Սուրենի Ղարամյանը /2007-2014թթ./

Արթուր Արմենի Մոսիյանը /2014թ. հոկտեմբերի 29-ից/:

ԼՂՀ-ն ներկայումս ապրում է  դատաիրավական բարեփոխումների որակական մի նոր փուլ. կյանքի է կոչվում հանրապետության  Նախագահի 2013թ. օգոստոսի 16-ի  կարգադրությամբ հաստատված ԼՂՀ  իրավական և դատական  բարեփոխումների 2013-2017թթ. ռազմավարական ծրագիրը։ Այն,  մասնավորապես, ներառում է քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես  օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ: Նոր բարեփոխումները համակարգային բնույթ են կրում։ 

ԼՂՀ Սահմանադրությունից բխող  դատաիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթը և դատական  իշխանությանը վերաբերող  բոլոր  նորմերը  գործում են  լրիվ  ծավալով, ինչը հիմք է տալիս պնդելու, որ Արցախի Հանրապետությունը վճռական և հաստատակամ է ժողովրդավարության և իրավական պետություն կառուցելու գործընթացում` մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները համարելով որպես բարձրագույն արժեք:

ԼՂՀ Նախագահի 2004թ.փետրվարի 24-ի հրամանագրով  ԼՂՀ արդարադատության  պետական  վարչությունը  վերակազմավորվել է  ԼՂՀ արդարադատության  նախարարության։ 

 ԼՂՀ  արդարադատության   նախարարությունը  գործադիր  իշխանության  հանրապետական  մարմին  է,  որը  մշակում  և  իրականացնում  է  օրենքով,  այլ  իրավական  ակտերով  իր  իրավասությանը  վերապահված  բնագավառներում  ԼՂՀ  կառավարության  քաղաքականությունը:

      Նախարարությունը  կազմված  է  նախարարից  և  նախարարության  աշխատակազմից:  Նախարարության  համակարգում  ընդգրկվում  են  նախարարության  ենթակայությանը  հանձնված  պետական  ոչ  առևտրային  կազմակերպությունները  և  հիմնարկները:

ԼՂՀ  կառավարության  2005 թ.  դեկտեմբերի  20-ի  թիվ  563  որոշմամբ  ստեղծվել  է Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության արդարադատության  նախարարության  աշխատակազմ   պետական  կառավարչական  հիմնարկը,  որի  կառուցվածքային  ստորաբաժանումներն  են՝

 1.     Բաժիններ.

-Իրավական ակտերի փորձաքննության և օրենսդրության կատարելագործման բաժին,

-Իրավական տեղեկատվական համակարգի բաժին,

-Իրավական ակտերի պաշտոնական հրատարակման բաժին,

-Ֆինանսատնտեսական բաժին

-Ընդհանուր բաժին

  2. Առանձնացված ստորաբաժանումներ

-Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն,

 -Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալություն,

- Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

3. Պետական ոչ առևտրային կազմակերպություններ

 - «ԼՂՀ դատական փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ

 - «ԼՂՀ պետական արխիվ» ՊՈԱԿ։

ԼՂՀ արդարադատության նախարարությունը ղեկավարել  են.

Ռոբերտ Քրիստափորի Հայրապետյանը (2004-2007թթ.),

Արթուր Արմենի Մոսիյանը (2007թ. սեպտեմբերի 26 - 2007թ. դեկտեմբերի 27),

Նարինե Կառլենի Նարիմանյանը (2007-2012թթ.)։

ԼՂՀ Նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 22-ից՝ հրամանգրով  ԼՂՀ արդարադատության նախարար է  նշանակվել Արարատ Աշոտի Դանիելյանը։